ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱՄՆ պատմության մեջ ամենաանկանխատեսելի ընտրությունները

ԱՄՆ պատմության մեջ ամենաանկանխատեսելի ընտրությունները
06.11.2020 | 11:36

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ 46-րդ նախագահի ընտրություններում մինչև այսօր հայտնի չէ հաղթողը, թեպետ և Դոնալդ Թրամփը, և Ջո Բայդենը հայտարարել են իրենց հաղթանակը: Դոնալդ Թրամփի հայտարարություններն առաջացրել են փորձագետների, քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների մտահոգությունը։


«Թրամփի արտահայտությունները իրարանցում են առաջացրել ոչ միայն դեմոկրատների շրջանում․ ամբողջ աշխարհն այժմ ակնդետ հետևում է ԱՄՆ-ին»,-գրում է գերմանական Bild-ը: Բրիտանական Times-ը ընդգծում է, որ Թրամփի՝ կեղծիքների մեղադրանքներն «անհիմն» են։ Guardian-ը և Independent-ը վերնագրերում զետեղել են դեմոկրատ կոնգրեսմեն Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսի խոսքերը, որ «հաղթանակի մասին վաղաժամ հայտարարությունները ոչ լեգիտիմ, վտանգավոր և ավտորիտար են»: Independent-ը նշել է, որ Թրամփը «հաստատել է ընդդիմադիրների վատագույն մտավախությունները և երկիրը սահմանադրական ճգնաժամի մեջ ներքաշելու սպառնալիք է ստեղծել»։
Գերմանական Spiegel-ի կարծիքով՝ նախագահի պնդումները «պաշտոնապես կասկածի տակ են դնում ժողովրդավարական գործընթացը»։ «Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, նա արդեն պարտվել է»,-եզրափակել է պարբերականը։


Բրիտանական Telegraph-ը 2020-ի նախագահական ընտրություններն անվանել է «ամերիկյան պատմության մեջ ամենաանկանխատեսելին»՝ նշելով, որ երբ ընտրատեղամասերը սկսել են փակվել, «Բայդենի և Թրամփի՝ վճռական և շուտափույթ հաղթանակի վերաբերյալ հույսերը արագ մարել են»։


ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների հնարավոր ելքին անդրադարձլ է ֆրանսիական Figaro թերթը։ «Ինչու են հասարակական հարցումները նվազեցրել Թրամփի օգտին ձայների թիվը»,- վերնագրված է հոդվածներից մեկը, որտեղ նշվում է, որ հասարակության շրջանում հարցումների մեծ մասը վկայում էր, որ Բայդենը վստահ հաղթանակ կտանի, մինչդեռ այդպես չեղավ։ Independent-ի նյութի հեղինակը հարց է բարձրացրել, թե «ընտրիչների կոլեգիան կրկին չի՞ գողանում ժողովրդավարությունը», քանի որ չնայած Բայդենը «հաղթում է ընտրիչների ձայներով, հաղթանակի հասնելու նրա ուղին չափազանց անհուսալի է թվում»։
Իսպանական EL Mundo թերթը նշել է, որ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը չարժե սպասել մոտ ժամանակներս: Թերթը հրապարակել է 2000-ի ընտրությունների մասին նյութ, երբ նախագահական ընտրություններին մասնակցում էին դեմոկրատ Ալբերտ Առնոլդ Գոռ կրտսերը և հանրապետական Ջորջ Բուշ կրտսերը, իսկ «ձայների հաշվարկի շուրջ ճակատամարտը երկիրը 35 օրով թողեց առանց նախագահի»։
Համաշխարհային ԶԼՄ-ները չեն կարողացել զերծ մնալ կանխատեսումներից և ենթադրություններից, թե ինչ կլինի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո։ Կհետևե՞ն անկարգություններ, կվիճարկվե՞ն քվեարկության արդյունքները դատարանում, այդ ամենը կհանգեցնի՞ հասարակության պառակտմանը։


«ԱՄՆ-ի ընտրությունները. լարվածություն, հաշվարկներ, պոկեր բլեֆ. ժողովրդավարությունը վտանգված է»՝ իր հրապարակումը վերնագրել է ֆրանսիական Parisien-ը՝ նշելով, որ ԱՄՆ-ում ընտրատեղամասերի փակվելուց հետո Բայդենի և Թրամփի միջև «հյուծման պատերազմ է սկսվել»։
Չափազանց հոռետեսական գնահատականներ կարելի է տեսնել բրիտանական մամուլում։ «ԱՄՆ-ում ընտրությունների վատագույն հնարավոր ելքը կարող է շատ շուտով նմանվել քաղաքացիական պատերազմի», - նշում է Daily Telegraph-ի հեղինակը: Բրիտանական թերթերի վերլուծաբանները գրում են, որ անկախ վերջնական արդյունքներից՝ ներկայիս ընտրությունները ցույց են տալիս, որ «Թրամփը սովորական ամերիկացիների բարոյական հաղթանակ է տարել լիբերալ էլիտայի դեմ» և Սպիտակ տան ներկայիս ղեկավարը «սպիտակ նացիոնալիստ չէ»: Daily Telegraph-ի հեղինակի խոսքով ՝ Թրամփի օգտին քվեարկել են շատ սևամորթներ և լատինամերկացիներ։ Գերմանական Bild-ը և ավստրիական Kurier-ը ԱՄՆ Գերագույն դատարան դիմելու մասին Թրամփի հայտարարության ֆոնին փորձել են հասկանալ, թե ինչ կլինի, եթե գործն իսկապես հասնի դատարան՝ ընթերցողներին հիշեցնելով, որ ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ Սենատը Էմի Քոնի Բարեթին հաստատել է Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում, որ շատերը համարում են Թրամփի քաղաքական հաղթանակը։


Հնդկաստանի և Չինաստանի ԶԼՄ-ները անդրադարձել են այն թեմային, թե ընտրությունների արդյունքներն ինչպես կազդեն այդ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության վրա: Հնդկական Times of India թերթը «Ով էլ հաղթի, Հնդկաստանը կկարողանա ընկեր գտնել» հոդվածում գրում է, որ եթե Թրամփը մնա Սպիտակ տանը, երկիրը կշարունակի համագործակցել նախագահի «շատ լավ ծանոթ» վարչակազմի հետ: Պարբերականը հույս ունի, որ Բայդենի հաղթանակի դեպքում պետությունները նույնպես կարող են լավ հարաբերություններ հաստատել, «հնդկական ծագում ունեցող ամերիկացիների մեծամասնությունը քվեարկում է դեմոկրատների օգտին»: Չինական South China Morning Post թերթի վերլուծաբանները նշում են, որ թեև «Չինաստանը հետևում և սպասում է նախագահական ընտրությունների արդյունքին, պարզ չէ՝ դա ինչ-որ նշանակություն կունենա»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ինչպիսի՞ն էր Թրամփը իբրև նախագահ:
Ով էլ հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, նախկին կյանքին հնարավոր չի լինի վերադառնալ, գրում է Liberation-ը՝ մեջբերելով ամերիկյան արտաքին քաղաքականության գծով մասնագետ, հետազոտող Մոդ Կեսարի վերլուծությունը։ «Թրամփը պատմական պատահականություն չէր։ Նա ամերիկյան ժողովրդավարության ու այն դերի, որը ԱՄՆ-ը մտադիր է խաղալ աշխարհում, երկակի էվոլյուցիայի մասն է», - բացատրում է Կեսարը՝ հավելելով, որ Բայդենի վարչակազմն, իհարկե, Պետդեպում պատասխանատու աշխատակիցներ կնշանակի ու կառաջարկի դիվանագիտական հարաբերությունների որոշակի կարգավորում, սակայն մրցակցությունը, հատկապես Չինաստանի հետ, շարունակվելու է անգամ եթե Բայդենը «դուռը բաց թողնի» բանակցությունների համար։ ԱՄՆ-ի դերը փոխվել է, իսկ դրա հետ մեկտեղ փոխվել է նաև աշխարհը, որը պատկերում է Դոնալդ Թրամփի գործունեության արդյունքը, գրում է պարբերականը։


Պյեր Ալոնսոն ու Ֆրեդերիկ Օտրանը գրում են, որ Թրամփի դիվանագիտական հարվածները, որոնք ձգվել են Փհենյանից մինչև Թեհրան, ներառյալ Երուսաղեմն ու Պեկինը, երբեմն տպավորիչ են եղել, իսկ երբեմն էլ անհասկանալի, սակայն բոլորն իրենց հետքն են թողել աշխարհում։ Որոշ դեպքերում այդ հետքն անդառնալի բնույթ է կրել:


Ըստ լրագրող Բոբ Վուդվորդի, որն իր «Ցասում» գրքի համար գրանցում էր Թրամփի հայտնի խոսքերը, 2017-ին ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև հնարավոր պատերազմը «շատ ավելի մոտ էր, քան կարելի էր պատկերացնել»։ Թրամփի՝ Սպիտակ տուն ոտք դնելուն պես Կիմ Չեն Ինն արձակեց մի քանի հրթիռ, որից հետո ԱՄՆ նախագահը հյուսիսկորեացի առաջնորդին «կրակ ու ցասում» խոստացավ, ծաղրեց նրան՝ անվանելով «մարդ-հրթիռ», իսկ Փհենյանի վեցերորդ ու ամենահզոր միջուկային փորձարկումից հետո սպառնաց «լիովին ոչնչացնել Հյուսիսային Կորեան»։ 2018-ը հիշվեց պատմական ու աննախադեպ շրջադարձային պահով, երբ Սինգապուրում տեղի ունեցավ Թրամփ-Կիմ հանդիպումը, որն ավարտվեց ապամիջուկայնացման մասին շատ անորոշ համատեղ հռչակագրի ստորագրմամբ։ Այն այդպես էլ կյանքի չկոչվեց, սակայն պատերազմը հետաձգվեց, և Թրամփն սկսեց խոսել հյուսիսկորեացի բռնապետի հետ իր «բարեկամության» մասին, մինչդեռ նա ունի միջուկային զենք, շարունակում է համալրել իր զինանոցն ու միջուկային փորձարկումներ անցկացնել։
Թրամփի օրոք Չինաստանի հետ պայքարի հող դարձավ առևտրային ոլորտը։ Մինչ նախագահ ընտրվելը նա քննադատեց անհամաչափ հարաբերությունները, որում առավելությունը չինական կողմինն էր, մտավոր սեփականության գողությունն ու չինական «դեմփինգը», իսկ Սպիտակ տանը հայտնվելուց հետո բարձրացրեց պողպատի, ալյումինի և հարյուրավոր այլ չինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը։ Երկու գերտերությունները դադարեցին մրցակիցներ լինել ու վերածվեցին հակառակորդների, իսկ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ակնհայտ դարձող առճակատման համար սկսեցին հարթակ հանդիսանալ Թայվանը, Հոնկոնգը, Չինական ծովը, ույղուրները, նոր տեխնոլոգիաներն ու Covid-ի վերահսկողությունը։


Մերձավոր Արևելքում Թրամփի քաղաքականությունն ապշեցնում է անգամ ամենափորձառու բանակցողներին։ Իր փեսա Ջարեդ Քուշների հետ, որը ստանձնել էր Մերձավոր Արևելքում խաղաղարարի դերը, Թրամփը հատեց հնարավոր բոլոր կարմիր գծերը՝ զբաղեցնելով ամենաիսրայելամետ դիրքորոշումը, որը հնարավոր էր պատկերացնել։ Այդ ամենը հանգեցրեց ոչ թե ապոկալիպտիկ հետևանքների, այլ զգալի արդյունքների։ Նախ նա անսպասելիորեն ամերիկյան դեսպանատունը տեղափոխեց Երուսաղեմ, որին հաջորդեցին անհավանական իրադարձությունները, որոնց արդյունքում ընդամենը վեց ամսում ձախողված համարվող «դարի գործարքն» ու Հորդանան գետի Արևմտյան ափի բռնակցման սպառնալիքները վերածվեցին Արաբական Միացյալ Էմիրությունների ու Բահրեյնի հետ «խաղաղության համաձայնագրերի»։ Թրամփը նաև զգալի առաջընթաց գրանցեց Սուդանի ու Լիբանանի հետ հարաբերություններում։ Օգտագործելով փաստերն ու անամոթ «գործարքները»՝ Թրամփն ստեղծեց նոր Մերձավոր Արևելք, որտեղ Իսրայելը երբեք այդքան դաշնակիցներ դեռ չէր ունեցել։ Պաղեստինցիները հայտնվեցին հակառակ կողմում՝ այժմ զրկվելով արաբական վետոյից։


Հոկտեմբերի սկզբին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարեց, որ այս փուլում Իրանը չունի բավականաչափ հարստացված ուրան անգամ մեկ միջուկային ռումբ ստեղծելու համար, սակայն պարբերականն ընդգծում է, որ Միջուկային համաձայնագրից Թրամփի դուրս գալու շնորհիվ Թեհրանն այժմ մոտենում է դրան։ Այն արդյունքը, որին ձգտում էր Թրամփը, շարունակում է անորոշ մնալ։ Առայժմ պարզ չէ, թե որն էր Թրամփի մտադրություն՝ կնքել նոր համաձայնագիր, որը դուրս կգա միջուկային խնդրի շրջանակներից, թե ստիպել Իրանին փոխել ռեժիմը, սակայն արդյունքն ակնհայտ է. Իրանը վերսկսել է իր միջուկային գործունեությունը, լարվածությունը Պարսկական ծոցում ու Իրաքում հունվարին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո միայն էլ ավելի է մեծացել և սպառնում է վերածվել բաց հակամարտության, իսկ Վաշինգտոնի ու իր եվրոպական դաշնակիցների միջև հարաբերություններն էլ ավելի են վատացել։


Քրդերի դեպքում Թրամփն իրեն բնորոշ որոշում կայացրեց՝ դաժան, անհիմն և անկանխատեսելի։ 2019-ի հոկտեմբերի 6-ին առանց ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին նախազգուշացնելու նա դուրս բերեց ամերիկյան զորքերը Սիրիայի արևելքից, ինչը քաոսի վերածեց առանց այն էլ փխրուն տարածաշրջանը։ Այս ամենից օգտվեց Թուրքիան՝ սկսելով հարձակումներն ու դուրս բերելով քրդական զորքերը թուրք-սիրիական սահմանի մի հատվածից, մինչդեռ հենց այս քրդական զորքերն էին Սիրիայի դեմոկրատների արաբ մարտիկների հետ վարում ռազմական գործողություններն ու տարածաշրջանում ջախջախիչ հաղթանակներ տանում ԻՊ-ի դեմ։


Թրամփի նախագահության տարիներին ԱՄՆ-ը դուրս է եկել Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Վիեննայի համաձայնագրից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (Covid-19-ի բռնկման ֆոնին), ՄԱԿ-ի մի շարք օրգաններից (ՅՈՒՆԵՍԿՕ, Մարդու իրավունքների հարցերով խորհուրդ)։ Հաճախ որոշումները կայացվում էին հակաիսրայելական կողմնակալության համար մեղադրանքների ֆոնին։ Չնայած, քննադատություններ հասկանալի են և արդարացված, Թրամփի վարչակազմի վարած «դատարկ աթոռի» քաղաքականությունը, որը ներգրավված էր «գլոբալիզմի» դեմ տարվող խաչակրաց արշավանքում, նպաստեց Չինաստանի ազդեցության աճին։ Պեկինը, որի արժեքներն ու շահերը հակասում են ՄԱԿ-ի սկզբունքներին, հատկապես՝ մարդու իրավունքների լուրջ հարցում, սկսել էր իր խաղաքարտերն առաջ տանել դեռ մինչ Թրամփի ընտրվել, իսկ նախագահ ընտրվելուց հետո այս գործընթացը միայն էլ ավելի արագացավ՝ միաժամանակ խթանելով նաև միջազգային կարգի հիմքում ընկած ինստիտուտների ոչնչացումը։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9834

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ